Results

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/12/2024 | Press release | Distributed by Public on 09/12/2024 08:08

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարի հետ

12 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) Գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԶՀԿ հետ ՀՀ փոխգործակցության, ինչպես նաև ընդհանուր առմամբ զբոսաշրջության և կայուն զարգացմանն առնչվող հարցեր:

Նախարար Միրզոյանը նշել է. «ՀՀ կառավարությունն իրականացնում է հայկական արտադրության ու դրա արտահանման, զբոսաշրջության խթանման, ոլորտում ներդրումների ներգրավվման համար կարևոր, թիրախային բարեփոխումներ: 2024թ․ դրությամբ ավելի քան 40 ավիաընկերություններ ուղիղ թռիչքներ են իրականացնում դեպի Հայաստան, որն ունի ակտիվ խաչմերուկի վերածվելու մեծ ներուժ»:

Արարատ Միրզոյանը և Զուրաբ Պոլոլիկաշվիլիին անդրադարձել են ՄԱԿ-ի ԶՀԿ-ի զբոսաշրջության գործադիր խորհրդի շրջանակներում աշխատանքներին, որի անդամ Հայաստանն ընտրվել է 2021-2025 թթ. ժամանակահատվածի համար: Համատեղ նախաձեռնությունների շարքում զրուցակիցները գոհունակությամբ նշել են այս օրերին Երևանում անցկացվող ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային համաժողովը: Իր խոսքում Զուրաբ Պոլոլիկաշվիլիին նշել է. «Մենք սկսել ենք Վրաստանից, այնուհետև՝ Չիլի, Արգենտինա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, իսկ այժմ՝ Հայաստան. մենք Հայաստանն ավելացնում ենք գինու տուրիզմի քարտեզի վրա»:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության ու զարգացման ապահովման կարևորությանը և այդ համատեքստում տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, դրանց ցանցի ավելացման առանցքային դերին: