Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

12/17/2024 | Press release | Distributed by Public on 12/17/2024 02:24

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականի հետ

17 դեկտեմբերի, 2024

Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի հետ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄԷ երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր՝ երկուստեք ընդգծելով հարաբերությունների դրական դինամիկան, արձանագրված արդյունքները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Առանձնանշվել են առևտրի, զբոսաշրջության, տեխնոլոգիական և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցության խորացման հարցում առկա լրացուցիչ հնարավորությունները: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել ակտիվ ջանքերն առավել նշանակալի արդյունքների հասնելու ուղղությամբ, քանզի կա փոխադարձ հետքրքրություն, քաղաքական կամք և փոխշահավետ հեռանկարներ:

Ներդրումների խթանման համատեքստում ընդգծվել է գործարար շրջանակների մասնակցությամբ փոխայցելությունների և համաժողովների պարբերական անցկացման կարևորությունը:

Արարատ Միրզոյանը և Անվար Գարգաշը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ տեսլականը, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման պարագայում ընձեռնվող հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին:

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է ԱՄԷ նախագահի խորհրդականին ՀՀ «Բարեկամության» մեդալով պարգևատրվելու կապակցությամբ: